💥 Ահա, թե ինչու էր սափրվել Նիկոլ Փաշինյանը: Տեղի է ունեցել նրա հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Տրամպի հետ:
Սա իհարկե կատակ է: 😊 Ոչ հեռախոսազրույցը, այլ սափրվելու հանգամանքը դրա հետ կապելը: Որովհետեւ հեռախոսազրույցը իրական է, դրա մասին կա պաշտոնական հաղորդագրություն:
«Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին», հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Հակված եմ մտածել, որ հեռախոսազրույցը կրել է հենց՝ այսպես ասած քաղաքավարական բնույթ եւ Փաշինյանն ու Տրամպը խոշոր հաշվով առնվազն այսօր չունեն խոսելու շատ բան: Իհարկե խոսակցությունը ողջունելի է, շատ կարեւոր է, որպեսզի անգամ քաղաքավարական բնույթի կամ տրամաբանության պայմաններում կողմերի «լեզուն» լինի համադրելի:
Իհարկե ավելորդ է ասել, որ Տրամպի վարչակազմի ու պաշտոնական Երեւանի փոխհարաբերության մասին հնարավոր կլինի դատել, երբ կձեւավորվի վարչակազմն ու կլինեն արդեն շփումներ այսպես ասածանմիջական գործադիր ֆունկցիոներների մակարդակով:
Այդուհանդերձ, կրկնեմ, հանգամանքը, որ եղել է այս հեռախոսազրույցը, ողջունելի է եւ դրական:
Մի հատկանշական դիտարկում: Նշվում է, որ քննարկվել են նաեւ ռեգիոնալ նշանակության հարցեր: Այդ առնչությամբ չկան մանրամասներ: Դարձյալ այդ առումով էլ հակված եմ մտածել, որ խոսակցությունը եղել է ընդհանուր: Այդուհանդերձ հատկանշական է, որ Երեւանի հաղորդագրությունում կոնկրետություն չկա, որ Փաշինյանը Տրամպին ծանոթացրել է նաեւ Հայաստան-Ադրբեջան գործընթացի ներկայիս վիճակին: 🇦🇲🇺🇸
🔴🔴🔴 Ամերիկացի կոնգրեսական, այսպես ասած ակնառու «հայամետ» համարվող դեմոկրատ Ֆրենկ Փալոունը ժամանել է Բաքու՝ Cop29-ին մասնակցելու համար: Փալոունը Բաքու մեկնելուց առաջ հայտարարել է, որ ԱՄՆ պետք է լինի կլիմայի համար պայքարի առաջամարտիկ եւ ինքը մեկնում է հենց այդ նկատառումով: Հետաքրքիր է, կոնգրեսականը, որը մինչ այդ աչքի է ընկել Արցախի հանդեպ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություններով, Բաքվի քաղաքականությանը կոշտ հակազդելու մասին հայտարարություններով ու նախաձեռնություններով, արդյո՞ք Ադրբեջանի մայրաքաղաքում կանի նույն հայտարարություններն ու կարտահայտի դիրքորոշումները, այլ կերպ ասած՝ արդյո՞ք Բաքվում կմերկացնի Բաքվին: Իհարկե ես բոլորովին հակված չեմ մտածել, թե այդ հանգամանքը ինչ որ բան կփոխի իրական քաղաքականության ռեժիմում: Պարզապես՝ կլինի հետաքրքիր, թե ինչ կանի Բաքվում կոնգրեսական Փալոունը:
Վարչապետ Փաշինյանը հրապարակել է Արագած լեռան լուսանկար, ուղեկցելով գրառումով՝ Հայաստանի հանրապետության ամենաբարձր լեռը:
Սա նոր բան չէ, եւ համոզված եմ իհարկե՝ պատահական կամ զգայական բան չէ, այլ բավականին հմուտ հաշվարկ: Նիկոլ Փաշինյանն այդ հաշվարկով կառուցում է զգայական թակարդ: Զգայական թակարդ, որի մեջ է հայտնվում հանրությունը, կամ՝ կանգնում դրան մեջ հայտնվելու շեմին:
Փաշինյանի հրապարակմանը հաջորդում է ֆեյսբուքյան չհայտարարված կամ հայտարարված ֆլեշ մոբ՝ Արարատի լուսանկարներով: Զգայական թակարդն աշխատում է, թեման հայտնվում է հանրության զգայական արձագանքի շրջապտույտում: Իսկ նպատակը հենց դա է, որպեսզի «փաստարկվի», որ ինքն առաջնորդվում է միանգամայն պրագմատիկ քաղաքականությամբ եւ շատ իրավացի է, որ դիմացը «պատմական էմոցիոնալ իռացիոնալն» է:
Ուրեմն ի՞նչ անել, չարձագանքե՞լ: Այո, որքան էլ չհնչի տարօրինակ՝ չարձագանքել: Բայց, չարձագանքել այնպես, ինչպես արձագանքվում է, ինչպես հենց ինքը Փաշինյանն է հմտորեն «խթանում»:
Նրա հաշվարկին հանրային եւ քաղաքական արձագանքը պետք է լինի ոչ պակաս հաշվարկված, եւ՝ ավելի հաշվարկված: Ի՞նչ է դա նշանակում իմ պատկերացմամբ: Ըստ իս, դա նշանակում է արձագանք, որում Արարատը կլինի Հայաստանի հանրապետության քաղաքական ու քաղաքակրթական կոնցեպտի տարր, ուղղակի, թե անուղղակի, որը Թուրքիային չի տա Հայաստանին տարածքային հավակնության համար մեղադրելու որեւէ առիթ, եւ մյուս կողմից քաղաքական-քաղաքակրթական ընկալելիության մեջ կլինի միջազգային քաղաքականության համատեքստում:
Ընդգծեմ, խոսքը ոչ թե Արարատի հարցում որեւէ բան ապացուցելու մասին է, այլ հենց հակառակը՝ հավելյալ ապացույցների կարիք չունեցող քաղաքական կոնցեպտուալ մոտեցման մշակման:
Իհարկե, հարկ է նաեւ ընդգծել, որ այդուհանդերձ սա ֆեյսբուքյան օգտատերերի խնդիրը եւ գործառույթը չէ, այլ քաղաքական վերնախավերի: Այլապես, հասկանալի է, որ շարքային քաղաքացիները, ֆեյսբուքյան օգտատերերը բնականորեն ամեն ինչն են անցկացնում առավելապես զգայական պրիզմայով: Այդ բնական հանգամանքը հավասարակշռելու եւ հարցի մանիպուլյատիվ ռիսկերը չեզոքացնելու համար են պետք է քաղաքական կոնցեպտուալ մոտեցումները, ընդ որում ոչ մեկանգամյա կատարմամբ, այլ հանրության հետ պարբերական հաղորդակցությամբ:
🔴🔴🔴 Հարգելի ընկերներ, հետեւորդներ: Վերստին հիշեցնեմ իմ Պատրեոնի մասին: Եթե ձեզ հետաքրքիր է այն կոնտենտը, որ ապահովում եմ իմ տելեգրամյան ալիքում, եւ ունեք ցանկություն ու հնարավորություն՝ ամսական որոշակի ներդրումով աջակցել դրա ընդլայնմանը, այդ թվում նաեւ նոր ձեւաչափով մատուցման հեռանկարին, ապա կարող եք բաժանորդագրվել իմ Պատրեոնին՝ ամսական բաժանորդագրության ձեզ հարմար ֆինանսական տարբերակով: Այդ առաջարկով ձեզ դիմելու նպատակը ձեւաչափի ընդլայնման, եւ դրա միջոցով վերլուծությունների, մեկնաբանությունների մատուցման ավելի ակտիվ եւ ընդգրկուն ռեժիմ ապահովելն է, ձեր հետաքրքրությունը առավելագույնս բավարարելու համար: Շնորհակալ եմ Պատրեոնին արդեն իսկ բաժանորդագրված հետեւորդներին՝ նրանց կարեւոր օժանդակության համար: https://patreon.com/HakobBadalyan
🔥Մեզանում կա լայնորեն տարածված մի խնդիր, որն ըստ իս՝ մտածողության համակարգում անկյունաքարային է: Այսինքն, այն բնորոշ է գործնականում բոլոր ոլորտներում բվերնախավային խմբերում գերակա մտածողությանը՝ տնտեսական, մշակութային, մարզական, քաղաքական, ռազմական:
Ընդ որում, դրան զուգահեռ էլ, հիմնականում դրանից «սերում» է մյուսը՝ հակառակ ծայրահեղությունը:
Մանրամասնեմ, թե ինչի մասին է խոսքը: Գերակա մտածողությունն այն է, որ մենք որպես հասարակություն՝ հիվանդ ենք, անպետք, մեզ մեր ունեցածը միշտ եղել է շատ, միեւնույն ժամանակ մեզ տեղն է մեր կրած հետեւանքները, ցավերը եւ այլն, որովհետեւ մենք դրան ենք արժանի մեր որակներով:
Ես մի քիչ համառոտագիր տարբերակով նկարագրեցի այն, ինչի մասին խոսում եմ, որպես մտածողական «թարախապալար»:
Կրկնեմ, այդ ամենը խոսում են, խոսույթի վերածում են հասարակական-քաղաքական միջավայրում ամենատարբերոլորտային վերնախավերը, կամ դրա հավակնություն ունեցող խմբերը, անհատները: Հասկանալի է, որ բացարձակ մեծամասնությամբ բոլորը, բայց նկատելի, նույնիսկ ճնշող մեծամասնությունը: Թեմային անդրադառնում եմ պարբերաբար՝ համատարած մուննաթ շարքային հանրության հանդեպ:
Ընդ որում, այս երեւույթը ունի նաեւ լատենտ դրսեւորում, երբ հանրությանը չկա ուղիղ մեղադրանք, բայց բոլոր վատ դրսեւորումները, արատավոր բարքերը, դեմքերը, դեպքերը եւ այլն մատուցվում են որպես «հասարակության հայելի»:
Սա գերվտանգավոր, գերանառողջ, գերանարդյունավետ երեւույթ է, որը ոչ թե պարունակում է իրապես առկա հասարակական խնդիրների լուծման, բուժման հեռանկար, այլ հակառակը՝ դրանց խորացման ու ճահճացման: Ինչպես որ մարդուն հնարավոր չէ անընդհատ թերարժեքության բարդույթ ներարկելով եւ նվաստացնելով մղել նվաճումների, այդպես էլ հնարավոր չէ դա անել հասարակությունների հետ:
Եվ ավելին՝ հասարակությանը վերագրելով այդ «հայելիները», տվյալ խոսույթը կամա, թե ակամա գեներացնող, այդ թվում շատ հարգարժան շրջանակներ ավելի շուտ արդարացնում են հայ հանրության ու պետության վերնախավային «ամլությունը», քան թվում է թե «դիպուկ» բնորոշում խնդիրների պատճառները:
Ինքս ասել եմ, ու կրկնեմ՝ մեր հասարակությունը որեւէ կերպ ավելի վատը չի եղել եւ չէ, քան այսօր ննույնիսկ ամենազարգացած պետություն եւ համակեցության միջավայր ունեցող հանրությունները: Մեր հասարակությունը նրանցից ոչ միայն վատը չէ, այլ մի շարք հատկանիշներով նույնիսկ առավել է:
Պետությունների եւ հասաևրակական համակեցության միջավայրերի արդիականացումը ոչ թե հանրության որակների արդյունք է, այլ տարբեր ոլորտներում էլիտաների, առաջնորդող խմբերի կամքի, կարողունակության, արժեհամակարգի ու նպատակադրումների արդյունք: Հանրային որակները արդեն լինում են հենց այդ արդյունքի արդյունք:
Կոչ եմ անում վերջ տալ՝ մեր հասարակությունը հիվանդ է, մեր հասարակությունը տգետ է, մեր հասարակությունը հետադեմ է, թերուս է, սա է, նա է բնույթի արտահայտություններից, եթե որեւէ մեկն իրեն համարում է առաջադիմությանը նպաստելու գործում թեկուզ փոքր, թեկուզ զուտ անհատական պատասխանատվության կրող:
💥 Ճակատագրի «դառը» հեգնանքով, նախօրեին իրավապահների գործունեության առնչությամբ Նիկոլ Փաշինյանի «ընդդիմադիր» ելույթից ժամեր անց Երեւանում տեղի է ունենում հերթական զինված «ռազբորկան», որի հետեւանքով կա մեկ զոհ:
Ընդ որում, մամուլը հայտնում է, որ մասնակից է եղել նաեւ Փարաքարի ՔՊ-ական համայնքապետը, որը ստացել է ոտքի հրազենային վնասվածք:
Այստեղ սակայն, հարկ է արձանագրել մի էական հանգամանք: Իր «ընդդիմադիր» ելույթում ի՞նչն էր «ամմենամեծ պրոբլեմ» դիտարկել Նիկոլ Փաշինյանը:
«Ամենամեծ պրոբլեմն ուրիշ բան է, մարդիկ չեն հավատում, որ այդ բոլոր բեմականացումների սցենարների տակ ես չեմ ստորագրում, ամենամեծ պրոբլեմն այդտեղ է», հայտարարել էր նա:
Փաստորեն, ամենամեծ պրոբլեմն այն չէ, որ համակարգերը չեն աշխատում արդյունավետ, որ քրեածին իրավիճակը գտնվում է բավականին մտահոգիչ մակարդակում: Կառավարության ղեկավարի համար գլխավոր պրոբլեմն այն է, որ մարդիկ կարող են իրեն համարել դրա համար պատասխանատու:
Իսկ դա նշանակում է, որ կառավարության ղեկավարին հետաքրքրում է ոչ թե կառավարման արդյունքը՝ որպես գլխավոր խնդիր, այլ ընդամենը այն, որ մարդիկ իրեն չհամարեն անարդյունավետության պատասխանատու:
Հակառակ պարագայում, վարչապետը ոչ թե կունենա իրավապահներին ուղղված ելույթ, որը լսելիս տպավորություն է, թե ելույթ է ունենում ընդդիմության առաջնորդը, այլ ելույթ, երբ հստակ կլինի, որ ելույթ ունեցողը պետական կառավարման համակարգի առաջնորդ է եւ պատկերացնում է, թե ինչպես հասնել պետական ինստիտուտների աշխատանքային արդյունավետության:
Այդպիսի պատկերացում Նիկոլ Փաշինյանը չունի:
Փոխարենը նա ունի շատ լավ պատկերացում, թե տեղեկատվա-քարոզչական գործողություններով ինչպես «տարանջատվել» պատասխանատվությունից:
Դա չի աշխատում լայն հանրության հանդեպ, բայց նրա թիրախային լսարանը ամենեւին էլ լայն հանրությունը չէ, այլ սեփական ընտրազագվածը: Այդ մասին խոսում եմ վաղուց, որ Փաշինյանը ամմենեւին չունի ընտրազանգված ընդլայնելու մոլորություն: Նա իր առաջ դրել է այն պահելու խնդիր:
💥Իր քաղաքական մրցակիցների հանդեպ Նիկոլ Փաշինյանի էական «մրցակցային առավելությունն» այն է, որ նա ճանաչում է այն հանրությանը, որի հետ գործ ունի, եւ չի անտեսում այն փաստը, թե ում հետ գործ ունի:
🔴🔴🔴 Դոնլդ Տրամպը հայտարարել է Սպիտակ տան իր մամուլի քարտուղարի անունը: Տրամպի ընտրությունը 27-ամյա Կարոլին Լիվիտտն է: Նա կլինի ԱՄՆ պատմության ամենաերիտասարդ խոսնակը: Լիվիտտը եղել է Դոնալդ Տրամպի ընտրարշավի մամուլի ծառայության ղեկավարը, իսկ Տրամպի առաջին նախագահության շրջանում եղել է նրա մամուլի խոսնակի օգնականը: Լիվիտտի կենսագրության մեջ ըստ իս բավականին ուշագրավ է այն, որ ծնունդով Նյու Հեմփշիր նահանգից Լիվիտտը հաղորդակցություն ու քաղաքագիտություն է ուսանել Սենտ-Անսելմի կաթոլիկական քոլեջում: Ի դեպ հիշեցնեմ, որ Ջո Բայդենի նախագահության շրջանում Սպիտակ տունն ունեցավ երկու խոսնակ: Նրա առաջին խոսնակը պետքարտուղարությունից հայտնի Ջեյն Պսակին էր, որը մեկ տարի անց մեկնեց ֆիզարձակուրդ եւ Սպիտակ տան խոսնակի պաշտոնում նրան փոխարինեց Ֆրանսիայում ծնված սեւամորթ ամերիկուհի Կարին Ժան-Պիերը:
⚡️ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հարցը Իրանը հետապնդում է միջազգային իրավական եւ դատական ատյաններում: Միաժամանակ, Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ չեն մեկնաբանում երկու երկրների միջեւ հաղորդագրությունների փոխանակման դետալներ:
Խոսքը Իրանի եւ ԱՄՆ մասին է:
Սա ուշագրավ հայտարարություն է, որը ըստ էության այն մասին է, որ Իրանը գեներալ Սուլեյմանիի սպանության համար պատասխանատվության հարցը դիտարկում է իրավական, այլ ոչ թե քաղաքական հարթության վրա:
Իսկ ի՞նչ էր նշանակելու քաղաքական հարթություն: Դա նշանակելու էր, որ Իրանը որեւէ կերպ չէր կարող ունենալ շփում՝ ուղղակի, թե անուղղակի, Դոնալդ Տրամպի ադմմինիստրացիայի հետ, այն պարզ պատճառով, որ Տրամպի հրահանգով է հարված հասցվել այն շարասյանը, որում գեներալ Սուլեյմանին էր՝ Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանի ճանապարհին:
Ի դեպ, Իրանի ներկայացուցչության հայտարարությունը հաջորդում է տեղեկատվությանը, որ Թեհրանը դեռեւս ԱՄՆ նախագահի թեկնածու Տրամպի հետ կապվել է այն ժամանակ, երբ դեմոկրատները մեդիատիրույթում բաց թողեցին տեղեկություն, թե Իրանն իբրեւ թե Սուլեյմանիի սպանության համար վրեժխնդրության նպատակով մահափորձ է պլանավորում Տրամպի դեմ: Ըստ նախօրեին տեղեկության, Իրանն այդ ժամանակ կապվել է Տրամպի հետ ու հավաստիացրել, որ չունի այդպիսի որեւէ մտադրություն:
Ինքս այդ թեմմային անդրադարձել եմ դեռեւս ընտրությունից առաջ, երբ եղավ այդ տեղեկությունը, նկատելով, որ ըստ իս՝ դեմոկրատներն այդ կերպ պարզապես սպառնում են Տրամպին՝ օգտագործելով Իրանի անունը:🇮🇷🇺🇸
💥Փաշինյանը, ըստ էության, գործում է իր համար բավականին գրագետ, իր համար թողնելով զարգացման այսպես ասած մի քանի ուղղություն: Քանի որ զարգացման տրամաբանությունը որոշողն ինքը չէ, այլ արտաքին միջավայրը, նա փորձում է պարզապես իր համար ապահովել անելիք այսպես ասած բոլոր դեպքերի համար:
«Բոլոր դեպքերի» մեջ մտնում է ընդհուպ այն, երբ նա ստիպված կլինի թողնել պաշտոնը:
Այդ իմաստով, նա փորձում է իր համար կառուցել ունիվերսալ դիրքավորում, միեւնույն ժամանակ՝ քաղաքական մնացյալ դաշտին բավականին հմտորեն մղելով դեպի տարբեր բեվեռացում:
Բեվեռացվածությունն է մյուս քաղաքական միավորների առանցքային խնդիրը: Փաշինյանը իր վարքագծով ըստ էության թույլ չի տալիս նրանց դուրս գալ այդ բեվեռացվածությունից՝ յուրաքանչյուրն իր ընտրազանգվածի, իր հասարակական «հենարանի» հետ ձեւավորում է «ծայրահեղացված» որեւէ բեվեռային դիրքավորում:
Պետք է նկատել նաեւ, որ նրանք էլ ըստ էության առանձնապես ջանք չեն գործադրում այդ «արգելքը» հաղթահարելու համար:
Այստեղ է նաեւ Հայաստանի քաղաքական հեռանկարների գլխավոր խնդիրներից մեկը:
💥 Գերմանիայի կանցլեր Շոլցը երկու տարվա դադարից հետո հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ: Դրա ցանկությունն արտահայտել էր Շոլցը, դեռեւս շաբաթներ առաջ:
Միեւնույն ժամանակ, դրանից էլ առաջ Ռուսաստանի հետ խոսելու անխուսափելիության մասին էր արտահայտվել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:
Պուտինի հետ խոսելուց հետո, Շոլցը կկապվի՞ Մակրոնի հետ, թե՞ Պուտինի հետ խոսակցության «իմաստը» նաեւ այն, որ Գերմանիան չի ուզում եվրոպական առաջատարության հարցում զիջել Ֆրանսիային, ինչի էական վտանգը առկա է, հաշվի առնելով այն, որ հենց Գերմանիայի տնտեսությունն է ամենից տուժածը ուկրաինական պատերազմի համատեքստում: Եվ շարունակում է տուժել:
Ծանր է նաեւ Շոլցի վիճակը, որի կոալիցիան փլուզվել է եւ վերընտրության հեռանկարը մեղմ ասած խիստ մշուշոտ է, եթե ոչ՝ անհնարին:
Իսկ Տրամպի նախագահությունն այդ հարցում որեւէ լավ բան Գերմանիային չի խոստանում, եթե հաշվի առնենք, որ Տրամպի տնտեսական քաղաքականությունը միտված է լինելու ԱՄՆ արդյունաբերական ուժի վերականգնմանը: Կստացվի դա Տրամպի մոտ, թե ոչ, իհարկե բարդ է ասել, բայց, որ թիրախը լինելու է դա, անկասկած է: Դա է լինելու նաեւ Մասկի առանցքային գործառույթը, իհարկե ոչ ուղիղ իմաստով: Այսինքն, Մասկը չի լինելու տնտեսական քաղաքականության մշակը, նա լինելու է տնտեսական քաղաքականության «ամպերմետրը»:
Վերադառնալով Շոլցին: Հակված եմ մտածել, որ Պուտինի հետ կապը նրա անձնական նախաձեռնությունը չէ, այսինքն այստեղ Շոլցի հարց չէ, այլ Գերմանիայի:
Իսկ Գերմանիայի հարցը ի սկզբանե եղել է ուկրաինական պատերազմի տողատակում:
Հիշեցնեմ, որոշակի իմաստով, առաջին հարվածը ստացել է հենց Գերմանիան, պարզապես այն ռազմական գրոհի տեսքով չէր, թեեւ թիրախում Գերմանիայի պաշտպանական համակարգն էր: Արեւմտյան քաղաքական-քարոզչական գրոհի ենթարկվեց Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխադմիրալ Շենբախը: Այս օրինակը ես հիշեցնում եմ պարբերաբար, որովհետեւ այն ըստ իս չափազանց նշանային է:
Շենբախը գերմանա-հնդկական գեներալակազմի փակ քննարկման ժամանակ ասել էր, որ Գերմանիան, Ռուսաստանն ու Հնդկաստանը միասին պետք է հակազդեն ու զսպեն Չինաստանին: Այդ խոսքերը արտահոսել էին մամուլ, դառնալով մեծ աղմուկի պատճառ: Թե փակ քննարկման մասնակիցներից ո՞վ էր «մատնել» փոխծովակալին, կարող ենք անել միայն ենթադրություններ, բայց նրա համար դա դարձավ ճակատագրական եւ արեւմտյան քաղաքական էլիտաները մեծ աղմուկով ուղղակի պարտադրեցին Բեռլինին պաշտոնանկ անել ծովակալին, որի «մեղքն» ընդամենը այն էր, որ համարձակվել էր արտահայտել Գերմանիայի շահը:
Մինչդեռ, ուկրաինական պատերազմի «խթանման» իմաստը միայն Ռուսաստանին մաշելը չէր, այլ նաեւ Գերմանիային եւ նրա տնտեսական առաջնորդությամբ Եվրոպային հարվածելը:
Այդ հարցում լիովին ներդաշնակ էին ամերիկա-բրիտանական ու չինական շահերը:🇩🇪🇷🇺🇫🇷🇪🇺🇬🇧🇺🇸🇨🇳
🔴🔴🔴 Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են երկկողմ եւ ռեգիոնալ հարցեր: Իհարկե, սովորաբար այդպիսի դեպքերում պաշտոնական հաղորդագրությունները չեն ասում ոչինչ եւ լինում է հազվադեպ, որ դրանցով փոխանցվում են ինչ որ մեսիջներ:
Այս պարագայում, պաշտոնական հաղորդագրությունը չի պարունակում առանձնապես ուշադրության արժանի ձեւակերպումներ:
Ուշադրության առավել արժանին այն է, որ Արարատ Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ խոսում է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցից հետո, որ տեղի էր ունեցել նախօրեին:
Կովկասի առնչությամբ ֆրանս-իրանական ընդհանուր մոտեցումների ու հետաքրքրությունների մասին ես խոսում եմ արդեն գրեթե երկու տարի: Խոսել եմ այն ժամանակ, երբ Հայաստանում նոր-նոր թափ էր հավաքում աշխարհաքաղաքական «սեւ-սպիտակի» տրենդը:
Ամիսներ անց է, որ պետք է Հայաստանում հանդիպեին Իրանի ու Ֆրանսիայի դեսպանները, Պեկինում՝ Մակրոնի այցի ընթացքում, հանդիպեին Ֆրանսիայի ու Իրանի ԱԳ նախարարները, ու էլի մի շարք այդօրինակ զարգացումներ:
Ֆրանսիան ու Իրանն իհարկե շատ ավելի հրատապ եւ խորը հետաքրքրություններ ունեն Լիբանանի հարցում: Բայց, այդուհանդերձ, այդ հանգամանքը կարող է լինել նաեւ Կովկասում նրանց առնվազն հաղորդակցության մոտիվացիայի բարձրացման գործոն, ինչը Հայաստանի համար կարող է լինել առնվազն կարեւոր խոսակցությունների հնարավորություն եւ առիթ:
Իմ սուբյեկտիվ գնահատմամբ, այդ խոսակցությունները պետք է առավելապես միտված լինեն հնարավորինս շատ եւ խոշոր ներդրումային ծրագրերի, հատկապես Սյունիքի ուղղությամբ:
Ներդրումային ծրագրերը, խոշոր ներդրումների ներգրավումը գործընկերային մտադրությունների առարկայականության լավագույն ինդիկատորը, ինչպես նաեւ լավագույն «անվտանգային ցանցերից» է աշխարհում: 🇦🇲🇮🇷🇫🇷
💥Ի՞նչ եղավ ի վերջո Աբխազիայում: Ռուսաստանը հարվա՞ծ ստացավ քթին, թե՞ հենց Ռուսաստանն էլ ինչ որ բան «թեստավորեց» Աբխազիայում, օրինակ իր հնարավորությունները, եթե, ասենք թե՝ հարկ լինի Վրաստանի հետ կապված որեւէ որոշում ստանալ Աբխազիայում:
Թե՞ այդուհանդերձ Թուրքիայի «աբխազական սփյուռքի» խողովակն աշխատեց եւ Անկարան լուծեց կամ փորձարկեց ինչ որ բան:
Իհարկե հետաքրքիր կլիներ լսել անձանց, որոնք քաջատեղյակ են Աբխազիայում իրավիճակից, այսպես ասած քաղաքական ուժերից կամ խմբավորումներից, դասավորությունից, ֆինանսական հոսքերից, եւ այլն, եւ այլն:
Անկասկած է մի բան, որ Աբխազիան Կովկասի ամենազգայուն եւ կարեւոր կետերից մեկն է, որն անկասկած որեւէ կերպ դեռ այսպես ասած դրվելու է գործողության մեջ:
💥Աբխազիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ հետ են կանչել ՌԴ հետ ներդրումային համաձայնագիրը խորհրդարանից: Խոսքը այն համաձայնագրի մասին է, որի պատճառով փաստորեն սկսել էին ընդդիմության ակցիաները:
🔥Իսկ հնարավո՞ր է, որ Աբխազիայում կա ներքին դիմադրություն, այսինքն մի որեւէ խումբ կամ ուժ, որը ինքնուրույն կարող է դուրս գալ ՌԴ դեմ: Ես անկեղծ ասած չեմ հավատում դրան:
Բայց, այստեղ կա մի հանգամանք, որը արժանի եմ համարում ուշադրության: Թուրքիայում կա աբխազական այսպես ասած սփյուռք: Ըստ տարբեր գնահատականների, գրեթե մեկուկես միլիոնի չափ աբխազներ: Ընդ որում, սա փաստորեն մի քանի անգամ շատ է բուն Աբխազիայում բնակվողներից:
Հնարավո՞ր է, որ իրավիճակի վրա ազդեցություն ունենա Անկարան՝ հենց այդ սփյուռքի միջոցով: Սա արդեն իհարկե չեմ բացառի, ու թեեւ նախորդ գրառմանս մեջ թերահավատ էի, որ կարող է լինել իրավիճակի արտաքին ճոճ, այդուհանդերձ այս խողովակի միջոցով ազդեցությունը չեմ գնահատի անհավանական: Առավել եւս, ուշադրություն, որ ներկայումս բավականին ակնառու է ռուս-թուրքական հարաբերությունում առկա անվստահությունը, հատկապես Ռուսաստանի վարքագծում: Երեկ ես ուշադրոության արժանացրի, որ ռուսական կողմը փաստորեն չի հանրայնացրել Լավրովին Ֆիդանի հեռախոսազանգը:
Իսկ ինչի՞ համար Թուրքիան կարող է առնվազն մոտիվացված լինել ունենալ այդպիսի ազդեցություն: Նախ, իհարկե Ռուսաստանին պայմանավորվածության մղելու համար: Դրանից բացի սակայն, կան ավելի խորքային հանգամանքներ: Մասնավորապես, ուշադրություն դարձնենք, որ Աբխազիայում իրավիճակը ճոճվում է Վրաստանում ընտրությունից հետո:
Իսկ Աբխազիան Վրաստանի շուրջ զարգացումների առումով էական կետ է, այն իմաստով, որ Վրաստանի ընտրությունից առաջ եղան հայտնի հայտարարությունները Թբիլիսիից, ու եղավ արձագանքը Ռուսաստանից՝ որ պատրաաստ են լինել Սուխումիի եւ Թբիլիսիի միջեւ երկխոսության աջակից: Իսկ դա արդեն կարող է վերածվել ռուս-վրացական հարաբերության ընդլայնման: Աբխազիայի միջոցով այդ հարաբերության ընդլայնման հեռանկարը մարտահրավեր է ոչ միայն, իսկ գուցե նույնիսկ ոչ այնքան արեւմտյան բեվեռի, որքան ռեգիոնում այդ բեվեռի «առաջնագիծ» եւ «առաջամարտիկ»՝ Թուրքիայի համար:
Վրաց-ռուսական հարաբերության կարգավորումը էապես նվազեցնելու է Թուրքիայի կշիռը կովկասյան ռեգիոնում ու սեւծովյան ավազանում, ինչը բնականաբար նաեւ մեղմ ասած ցանկալի չէ ՆԱՏՕ-ի, ու մասնավորապես Մեծ Բրիտանիայի համար:
Հետեւաբար, զարմանալի չի լինի, եթե աբխազական սփյուռքի միջոցով իրապես փորձ արվի ճոճել իրավիճակն այնտեղ, իհարկե այլ առիթով, բայց հենց վրաց-ռուսական հարաբերության հեռանկարի դեմ ծավալվելու հաշվարկով:
💥💥 Ուշադրությունից դուրս չթողնենք Աբխազիան, որտեղ արդեն քանի օր է բավականին լարված իրավիճակ է: Աբխազիայի ընդդիմադիր ուժերը բողոքում են իշխանության դեմ՝ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի պատճառով, որը պետք է քննարկվի այսօր: Եթե իհարկե քննարկում տեղի ունենա, որովհետեւ ցուցարարները շրջափակել են խորհրդարանը:
Աբխազիան Ռուսաստանի հետ կնքել է ներդրումային համաձայնագիր, որը արտոնյալ պայմաններ է սահմանում Ռուսաստանից ներդրողների համար: Աբխազիայի ընդդիմությունը բողոքում է դրա դեմ:
Ես իհարկե Աբխազիայի ներքին դասավորությանը բավականաչափ ծանոթ չեմ, այս պահին չունեմ բավականին իրազեկվածություն, ստույգ գնահատելու համար, թե ինչ տողատակ կարող են ունենալ ՌԴ հետ ներդրումային համաձայնագրի շուրջ այդ ցույցերը եւ լարվածությունը, որ պահպանվում է արդեն քանի օր:
Ի վերջո, մեզանում կա համոզում, որ Աբխազիան ամբողջությամբ ենթակա լինելով Ռուսաստանին, պետք է որ առանց որեւէ խոչընդոտի ենթարկվի Ռուսաստանի առաջնահերթություններին: Միթե՞ կարող է Աբխազիայում՝ չճանաչված հանրապետությունում, որը Ռուսաստանի ազդեցության գոտի է, լինել ինչ որ ընդդիմադիր պայքար Ռուսաստանի դեմ:
Հետեւաբար, արդյո՞ք պայքարը ընդամենը ռուսական իշխանության տարբեր թեւերի միջեւ է: Օրինակ, իշխանության որեւէ թեւը կարող է ներդրումային համաձայնագրից ակնկալել այսպես ասած իր փայը՝ Աբխազիայում ներդրումների եւ շահույթի իմաստով: Չի բացառվում նաեւ, որ համաձայնագրով՝ եթե այն մտնի ուժի մեջ, Աբխազիայում կարող է փոխվել Ռուսաստանի ազդեցության այսպեսասած ուժերի հարաբերակցությունը, մի ուժի փոխարեն ազդեցիկ դառնա Ռուսաստանի հետ կապված այլ ուժ:
Ինքս ավելի շատ հակված եմ մտածել, որ իրադարձությունների ընթացքում ունի այդօրինակ տրամաբանություն: Համեննայն դեպս դժվար եմ պատկերացնում, որ չճանաչված Աբխազիայում իրավիճակը ՌԴ դեմ ճոճեն արտաքին ուժեր:
Կան նաեւ որոշ այլ մտորումներ, որ կներկայացնեմ հաջորդիվ:
🔴 Ուրեմն, նիդերլանդացի լրագրողուհի Անետ դե Գրաաֆը նոյեմբերի 7-ին եղել է Ամստերդամի կենտրոնում, ականատես լինելով, թե ինչպես են Իսրայելի Մակկաբի ֆուտբոլային ակումբի երկրպագուները հարձակվում այդ պահին պատահող Ամստերդամի բնակիչների վրա: Ամստերդամում կայացել էր տեղի Այաքսի եւ Մակկաբիի հանդիպումը՝ եվրագավաթների շրջանակում: Լրագրողուհին իր մոտ եղած տեսախցիկով լուսանկարահանել, տեսանկարահանել է անկարգության կադրերը:
Դրանք հետո տարածել են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք՝ Bild, CNN, BBCWorld, Guardian , NY Times, եւ այլք: Բայց, այդ լուսանկարներն ու տեսանյութերը տարածվել են ոչ թե դրանցում պատկերված բուն իրողության մասին ուղեկցող մեկնաբանությամբ, այլ լրիվ հակառակ, իբրեւ թե՝ Ամստերդամի մահմեդական բնակիչներ, որոնք աջակցում են Պաղեստինին, հարձակվել են Մակկաբիի երկրպագուների վրա:
Լրագրողուհին պահանջում է դրա համար ներողություն այն լրատվամիջոցներից, որոնք փաստորեն գլխիվայր պատկերով են ուղեկցել իր լուսանկարներն ու տեսանյութերը: Բայց, առայժմ չկա որեւէ ներողություն:
Սա պարզապես «անաչառ լրագրության» առկայության մասին այն հեքիաթների շրջանակում, որ պատմվում են այդ հեղինակավոր լրատվամիջոցբերից եկող «մեդիագուրուների» միջոցով:
🔴🔴🔴 Հայաստանի ֆուիտբոլի ազգային հավաքականը նախօրեին Ազգերի լիգայի մրցաշարի հերթական տուրում պարտվեց Ֆարեյրան կղզիների հավաքականին՝ սեփական դաշտում: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են:
Բայց, ավելորդ չէ թերեւս խոսել մի խնդրի մասին, որը ըստ իս վերաբերում է մեր ֆուտբոլին, բայց նաեւ ոչ ֆուտբոլային գրեթե բոլոր ուղղություններին:
Այդ պատճառով, անդրադարձս ֆուտբոլի մասին է, բայց՝ ոչ միայն ֆուտբոլի:
Կա մի ասպեկտ, որի վրա արժե դարձնել ավելի մեծ ուշադրություն: Դա ֆուտբոլային գրագիտության, ֆուտբոլային ինտելեկտի հարցն է: Իմ սուբյեկտիվ գնահատմամբ, դա զգալիորեն բացակայում է թե դաշտում, թե դաշտից դուրս: Սա բնականաբար բացարձակ չի նշանակում, որ Հայաստանում բոլորովին չկան ֆուտբոլային ինտելեկտուալներ: Բայց, ինչպես միշտ՝ հարցը միջավայր ձեւավորելն է, որովհետեւ անհատներ կարող են լինել ամենուր, եւ նույնիսկ շատ անհատներ: Բայց, շատ անհատները դեռեւս միջավայր չեն: Միջավայրը կախված չէ անհատների քանակից, այլ այն առաջնահերթություններից, որ ունեն լծակների տիրապետողները:
Շատ չծավալվելով, վերադառնամ հավաքականին: Խաղում կարող են լինել անհաջողություններ, սայթաքումներ, ի վերջո կա հնարավորությունների մաքսիմում՝ որ ունեն խաղացողները թե անհատապես, թե որպես թիմ:
Հայաստանի հավաքականի խաղում տարիներ շարունակ աչքի է ընկնում մի առանցքային բաց, իհարկե իմ սուբյեկտիվ եւ սիրողական գնահատմամբ: Դա ֆուտբոլային գրագիտության աճի գրեթե իսպառ բացակայությունն է:
Սրա տակ կան բազում շերտեր, ենթաշերտեր: Բայց, մեր հավաքականի անգամ ամենահաջողված համարվող խաղերում ակնառու է ֆուտբոլային գրագիտության, գրագետ ֆուտբոլի բացակայությունը: Իսկ դա թերեւս գալիս է նրանից, որ մեզանում բացակայում է ֆուտբոլային ինտելեկտը՝ որպես միջավայրային, անկյունաքարային գործոն:⚽️
🔥 Կան հանրության ուշադրություն շեղելու բազմաթիվ այլ տարբերակներ ու միջոցներ: Հետեւաբար գնահատել, որ Նիկոլ Փաշինյանը մորուքը սափրել է հանրությանը շեղելու համար, կարծում եմ ավելի շուտ ստանդարտ է, քան բուն իրողության ստույգ գնահատական:
Որեւէ կերպ չի բացառվում, որ ի վերջո կայացվել է շատ պարզ ու մարդկային որոշում, ինչը բնականաբար պետք է դառնար ամենատարբեր այլ ենթադրությունների եւ եզրակացությունների առիթ:
Միեւնույն ժամանակ հիմնավոր է այն, որ այդօրինակ որոշումները չեն կայացվում հենց այնպես, այլ՝ հաղորդակցությունների յուրօրինակ «լեզվի» շրջանակում են:
Ինքս էլ ունեմ այդ տպավորությունը: Բայց, կրկնեմ, դա ուրիշ հարց է, այլ ոչ թե՝ շեղել: Կրկնեմ, շեղելու բազմաթիվ ձեւեր կան:
Իսկ ի՞նչ հաղորդակցություն կարող է պարունակել մորուքի հեռացումը:
Հեղափոխության ավա՞րտ:: Այսօր կառավարությունում Փաշինյանի ելույթը՝ իրավապահների վերաբերյալ, վկայեց, որ՝ հազիվ թե:
Ավելին, «նոր իմիջով» Փաշինյանը ունեցավ թերեւս ավելի հեղափոխական ելույթ: Եվ այստեղ կարող ենք նկատել նույնիսկ մեկ այլ բան՝ Փաշինյանը վերադառնում է այնտեղ, որտեղից սկսել էր՝ առնվազն իմիջային, դիմային իմաստով: Հետեւաբար, «հեղափոխական երկրորդ շնչառությու՞ն», կամ՝ «նո՞ր հեղափոխություն»:
Ըստ իս սրա մասին արժե մտածել, հատկապես այն շեշտադրումների պարագայում, որ առաջինն անում է Նիկոլ Փաշինյանը «նոր»-«հին» իմիջի վերադառնալուց հետո:
Եվ մեկ այլ կարեւորագույն հանգամանք:
Նա սափրվելու ակտը մատուցում է Անկախության հռչակագրի վերաբերյալ բավականին սուր եւ «բաց» հայտարարություններից հետո, որից հետո էլ ունենում է առաջին կոծշտ ելույթը՝ ուղղված իրավապահներին, որը կարծես հնչեր ընդդիմադիր, այլ ոչ թե վարչապետ Փաշինյանի շուրթերից:
Ըստ իս, հաղորդագրության իմաստն այն է, որ Փաշինյանն սկսելու է Հայաստանի հանրապետության ձեւավորման իրավա-քաղաքական հիմքի «սափրման» գործնական փուլ:
Մոտիվները կարող են լինել ամենատարբեր, բայց հաղորդագրությունը, բնականաբար իմ սուբյեկտիվ ընկալմամբ՝ դա է:
💥 Նախօրեին պատահաբար հանդիպեցի ծանոթներիցս մեկին, որը այսպես ասած փոքր կամ մանր բիզնեսի դաշտում՝ առեւտրի ոլորտում:
Դե, բնականաբար հարցուփորձ արեցինք որպիսության մասին, եւ ինչպես լինում է միշտ, որպես քաղաքականությանը անընդհատ հետեւողի՝ ինձ հարց ուղղվեց, թե ինչ վիճակում ենք:
Ես էլ «վերադարձրի» հարցը, թե՝ հենց դու եւ դուք պետք է ասեք, թե ինչ վիճակում ենք, որովհետեւ մեծ հաշվով ձեր ոլորտն է ամենազգայուն ինդիկատորներից մեկը: Նկատի ունեմ թե տնտեսությունն ընդհանրապես, թե միջին ու մանր բիզնեսը մասնավորապես:
Ու մարդը ներկայացրեց դժգոհությունների շարքը, որ այսպես կոչված «ռեֆորմի» կարգախոսի ներքո որքան է ավելացել այսպես ասած «թղթաբանական» վազվզոցը թե բառի բուն, թե տեխնոլոգիական, թե հոգեբանական իմաստով: Դրան էլ հունվարի 1-ից կավելանա շրջանառության հարկի դաշտում տեղի ունեցող փոփոխությունը, որը հավելյալ խնդիր է լինելու մանր բիզնեսի համար:
Այն, որ այդ ամենի փոխարեն իրենք ստացել են «հերոսի» կարգավիճակ, նրանց քիչ է մխիթարում: Գերադասում են լինել պարզապես սովորական հարկատու, շարքային քաղաքացի, որը առանց ավելորդ քաշքշուկների եւ հոգեբանական էքսցեսների հանգիստ զբաղվում է իր գործով, կառավարությունից ակնկալելով ոչ թե պաթոս, այլ գործունեության հնարավորինս հարմարավետ պայմաններ:
Ընդ որում, սա իհարկե բիզնեսի, տնտեսության բոլոր մակարդակների համար անհրաժեշտ պահանջ-ակնկալիքն է կառավարությունից: Պետք չէ կենացներ ձոնել, պետք է առավելագույնն անել տնտեսական միջավայրի հարմարավետությունը բարձրացնելու համար, ձեւավորելով հարկային պարզ ռեժիմներ, որոնք համարժեք են բիզնեսի ներուժին, ուժին:
Սա արդեն հատկապես կարեւոր է միջինի, եւ առավել եւս մանրի համար:
Այո, պետք է ստեղծել միջինանալու, մեծանալու մոտիվացիա: Բայց, մոտիվացիան պետք է ստեղծվի առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու միջոցով:
Որովհետեւ, մեղմ ասած անտրամաբանական է մարդուն նոր բնակարան ունենալու հարցում մոտիվացնել նրան իր գոյություն ունեցող բնակարանից վտարելու միջոցով, գոյություն ունեցող բնակարանում կյանքն անտանելի դարձնելու միջոցով: