🔥Մեզանում կա լայնորեն տարածված մի խնդիր, որն ըստ իս՝ մտածողության համակարգում անկյունաքարային է: Այսինքն, այն բնորոշ է գործնականում բոլոր ոլորտներում բվերնախավային խմբերում գերակա մտածողությանը՝ տնտեսական, մշակութային, մարզական, քաղաքական, ռազմական:
Ընդ որում, դրան զուգահեռ էլ, հիմնականում դրանից «սերում» է մյուսը՝ հակառակ ծայրահեղությունը:
Մանրամասնեմ, թե ինչի մասին է խոսքը: Գերակա մտածողությունն այն է, որ մենք որպես հասարակություն՝ հիվանդ ենք, անպետք, մեզ մեր ունեցածը միշտ եղել է շատ, միեւնույն ժամանակ մեզ տեղն է մեր կրած հետեւանքները, ցավերը եւ այլն, որովհետեւ մենք դրան ենք արժանի մեր որակներով:
Ես մի քիչ համառոտագիր տարբերակով նկարագրեցի այն, ինչի մասին խոսում եմ, որպես մտածողական «թարախապալար»:
Կրկնեմ, այդ ամենը խոսում են, խոսույթի վերածում են հասարակական-քաղաքական միջավայրում ամենատարբերոլորտային վերնախավերը, կամ դրա հավակնություն ունեցող խմբերը, անհատները: Հասկանալի է, որ բացարձակ մեծամասնությամբ բոլորը, բայց նկատելի, նույնիսկ ճնշող մեծամասնությունը: Թեմային անդրադառնում եմ պարբերաբար՝ համատարած մուննաթ շարքային հանրության հանդեպ:
Ընդ որում, այս երեւույթը ունի նաեւ լատենտ դրսեւորում, երբ հանրությանը չկա ուղիղ մեղադրանք, բայց բոլոր վատ դրսեւորումները, արատավոր բարքերը, դեմքերը, դեպքերը եւ այլն մատուցվում են որպես «հասարակության հայելի»:
Սա գերվտանգավոր, գերանառողջ, գերանարդյունավետ երեւույթ է, որը ոչ թե պարունակում է իրապես առկա հասարակական խնդիրների լուծման, բուժման հեռանկար, այլ հակառակը՝ դրանց խորացման ու ճահճացման: Ինչպես որ մարդուն հնարավոր չէ անընդհատ թերարժեքության բարդույթ ներարկելով եւ նվաստացնելով մղել նվաճումների, այդպես էլ հնարավոր չէ դա անել հասարակությունների հետ:
Եվ ավելին՝ հասարակությանը վերագրելով այդ «հայելիները», տվյալ խոսույթը կամա, թե ակամա գեներացնող, այդ թվում շատ հարգարժան շրջանակներ ավելի շուտ արդարացնում են հայ հանրության ու պետության վերնախավային «ամլությունը», քան թվում է թե «դիպուկ» բնորոշում խնդիրների պատճառները:
Ինքս ասել եմ, ու կրկնեմ՝ մեր հասարակությունը որեւէ կերպ ավելի վատը չի եղել եւ չէ, քան այսօր ննույնիսկ ամենազարգացած պետություն եւ համակեցության միջավայր ունեցող հանրությունները: Մեր հասարակությունը նրանցից ոչ միայն վատը չէ, այլ մի շարք հատկանիշներով նույնիսկ առավել է:
Պետությունների եւ հասաևրակական համակեցության միջավայրերի արդիականացումը ոչ թե հանրության որակների արդյունք է, այլ տարբեր ոլորտներում էլիտաների, առաջնորդող խմբերի կամքի, կարողունակության, արժեհամակարգի ու նպատակադրումների արդյունք: Հանրային որակները արդեն լինում են հենց այդ արդյունքի արդյունք:
Կոչ եմ անում վերջ տալ՝ մեր հասարակությունը հիվանդ է, մեր հասարակությունը տգետ է, մեր հասարակությունը հետադեմ է, թերուս է, սա է, նա է բնույթի արտահայտություններից, եթե որեւէ մեկն իրեն համարում է առաջադիմությանը նպաստելու գործում թեկուզ փոքր, թեկուզ զուտ անհատական պատասխանատվության կրող: