🔴🔴🔴 Հայաստանի ֆուիտբոլի ազգային հավաքականը նախօրեին Ազգերի լիգայի մրցաշարի հերթական տուրում պարտվեց Ֆարեյրան կղզիների հավաքականին՝ սեփական դաշտում: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են:
Բայց, ավելորդ չէ թերեւս խոսել մի խնդրի մասին, որը ըստ իս վերաբերում է մեր ֆուտբոլին, բայց նաեւ ոչ ֆուտբոլային գրեթե բոլոր ուղղություններին:
Այդ պատճառով, անդրադարձս ֆուտբոլի մասին է, բայց՝ ոչ միայն ֆուտբոլի:
Կա մի ասպեկտ, որի վրա արժե դարձնել ավելի մեծ ուշադրություն: Դա ֆուտբոլային գրագիտության, ֆուտբոլային ինտելեկտի հարցն է:
Իմ սուբյեկտիվ գնահատմամբ, դա զգալիորեն բացակայում է թե դաշտում, թե դաշտից դուրս: Սա բնականաբար բացարձակ չի նշանակում, որ Հայաստանում բոլորովին չկան ֆուտբոլային ինտելեկտուալներ: Բայց, ինչպես միշտ՝ հարցը միջավայր ձեւավորելն է, որովհետեւ անհատներ կարող են լինել ամենուր, եւ նույնիսկ շատ անհատներ: Բայց, շատ անհատները դեռեւս միջավայր չեն: Միջավայրը կախված չէ անհատների քանակից, այլ այն առաջնահերթություններից, որ ունեն լծակների տիրապետողները:
Շատ չծավալվելով, վերադառնամ հավաքականին: Խաղում կարող են լինել անհաջողություններ, սայթաքումներ, ի վերջո կա հնարավորությունների մաքսիմում՝ որ ունեն խաղացողները թե անհատապես, թե որպես թիմ:
Հայաստանի հավաքականի խաղում տարիներ շարունակ աչքի է ընկնում մի առանցքային բաց, իհարկե իմ սուբյեկտիվ եւ սիրողական գնահատմամբ: Դա ֆուտբոլային գրագիտության աճի գրեթե իսպառ բացակայությունն է:
Սրա տակ կան բազում շերտեր, ենթաշերտեր: Բայց, մեր հավաքականի անգամ ամենահաջողված համարվող խաղերում ակնառու է ֆուտբոլային գրագիտության, գրագետ ֆուտբոլի բացակայությունը: Իսկ դա թերեւս գալիս է նրանից, որ մեզանում բացակայում է ֆուտբոլային ինտելեկտը՝ որպես միջավայրային, անկյունաքարային գործոն:⚽️