⚡️Ի պատասխան տեղեկության, որ Տրամպը կնշանակի ուկրաինական հարցով հատուկ բանագնաց, Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտնել է, որ Պուտինն անձամբ է վերահսկում ուկրաինական հարցն ու չունի բանագնաց նշանակելու մտադրություն: Փաստացի, Պեսկովի այդ պատասխանի իմաստն այն է, որ Պուտինն առնվազն սկզբի համար չունի միջնորդավորված խոսակցության ցանկություն եւ ակնկալում է շփում Տրամպի հետ անձամբ: Թերեւս պատկերացումն այն է, որ այդ շփումից հետո պարզ կլինի՝ հատուկ բանագնացներով հարաբերվել, թե՞ ոչ: Կախված թերեւս Տրամպի հետ «հիմնական սկզբունքները» հստակեցնելու համաձայնության աստիճանից
Այստեղ ուզում եմ ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա: Պուտինը առնվազն մինչեւ ուկրաինական պատերազմի մեկնարկը՝ ուներ ուկրաինական հարցով հատուկ ներկայացուցիչ: Դա Դմիտրի Կոզակն էր:
Այդ առնչությամբ ուզում եմ հիշեցնել մի բան, նախապատերազմյան այն փուլից, ինչի մասին հիշատակում եմ պարբերաբար: Մոսկվան ու Վաշինգտոնը՝ Բայդենի պաշտոնամուտից կարճ ժամանակ անց, 2021-ի ամռանից, սկսեցին բազմամակարդակ բանակցային գործընթաց, որը ըստ էության շարունակվեց մինչեւ հունվար: Այդ գործընթացի շրջանակում եղավ Պուտին-Բայդեն հանդիպում, նրանց միջեւ եղան հեռախոսազրույցներ ու տեսազրույցներ, դրանից բացի բանակցում էին պաշտպանության նախարարները, արտաքին գործերի նախարարները, եւ նույնիսկ արտգործնախարարության պաշտոնյաները:
Մասնավորապես, դեմոկրատական վարչակազմի եւ ընդհանրապես ամերիկյան դիվանագիտության առանցքային ֆիգուրներից մեկը՝ Վիկտորիա Նուլանդը 2021-ի հոկտեմբերին եռօրյա այց կատարեց Մոսկվա՝ պետքարտուղարի տեղակալի կարգավիճակով: Ընդ որում, այդ այցի կարեւորության ու հատկանշականության մասին է խոսում այն, որ դա հնարավոր դարձնելու համար փոխադարձաբար չեղարկվեցին պաշտոնյաների հանդեպ պատժամիջոցները:
Եվ ահա, Մոսկվայում Նուլանդը ոչ միայն հանդիպումներ ունեցավ ԱԳՆ-ում, այլ նաեւ Կրեմլում՝ հենց ուկրաինայի հարցով Պուտինի ներկայացուցիչ Կոզակի հետ: Ամենից ուշագրավը այն էր, որ Կոզակն այդ հայտարարությունից հետ հայտնել էր, թե ուկրաինական հարցում Մոսկվայի ու Վաշինգտոնի մոտեցումները մերձ են: Կոզակի այդ հայտարարությունը անթաքույց տարակուսանք էր առաջացրել անգամ ՌԴ իշխանական շրջանակներում:
Տպավորություն էր, որ ԱԳՆ-ում օրինակ Նուլանդի հետ քննարկումները ունեցել էին այլ տրամաբանություն, իսկ Կրեմլում՝ Կոզակ-Նուլանդ քննարկումը՝ այլ:
Այդպիսով, նկատեմ, որ ամերիկա-ռուսական այդ բազմամակարդակ բանակցությունը սկսել էր Բայդեն-Պուտին հանդիպումով: Այժմ էլ Մոսկվան թերեւս ակնարկում է, որ նախ պետք է «սկզբունքները» ճշտել Տրամպ-Պուտին մակարդակում, հետո նոր արդեն անցնել այլ մակարդակներով քննարկումների: 🇺🇸🇷🇺